Չինուհին, ում երեխան հայտնաբերվել էր կոյուղատարում, պնդում է, թե նա այնտեղ պատահաբար է հայտնվել: Նրա խոսքով, ինքը երեխային ունեցել լոգարանում, վերցրել ձեռքը, սակայն փոքրիկն ընկել է անցքից, գրում է Guardian-ը:

Պարզվել է, որ մայրը հետեւել է փրկարարների գործողություններին, սակայն իրեն չի մատնել: Ավելի ուշ նա ինքն է եկել ոստիկանություն եւ խոստովանել: Կինը հարազատներից թաքցրել է հղիությունը, ուստի գաղտնի է ծննդաբերել:

USA Today-ի փոխանցմամբ, իրավապահները քրգործ չեն հարուցի երեխայի մոր նկատմամբ: Այժմ երեխային դուրս են գրել հիվանդանոցից եւ նա գտնվում է մոր հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Չինաստանում հրշեջներն ու բժիշկները նորածին տղային հանել են կոյուղու խողովակի միջից Չժեցզյան նահանգի բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին:

Փրկարարները ստիպված են եղել սղոցել խողովակի մի մասը, որտեղ գտնվել է երեխան, եւ նրա հետ միասին տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ փրկարարներն ու բժիշկները հանել են երեխային:

Նորածինն ընդամենը երկու օր առաջ էր ծնվել, եւ կշռել է 2,3 կգ: Խողովակի տրամագիծը եղել է 10 սմ: