Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի 20-ամյա որդի Զիլեր Հեյգելի վրայից հանել են  թմրանյութեր պահելու մեղադրանքը, որն առաջադրվել էր անցյալ տարի: Այդ գործով Ֆերֆաքսի (Վիրջինիա նահանգ) շրջանային դատարանի նիստը կայացել է մայիսի 29-ին:

The Washington Post-ը գրում է, որ Մեծ Չիկագոյի քոլեջում սովորող Հեյգելը համաձայնել է համագործակցել դատախազության հետ:  Նա 100 ժամ հասարակական աշխատանք կկատարի:  Պաշտպանության նախարարը չի ներկայացել ամփոփիչ դատալսմանը, գրում է  lenta.ru-ն:

Զիլեր Հեյգելը կալանավորվել էր 2012թ. հունիսին: Ոստիկանությունը նրան նկատել էր այն պահին, երբ գիշերը կայանատեղիում Զիլերը մեքենայում մենակ նստած երաժշտություն էր լսում: Ոստիկանները խուզարկել էին նրա մեքենան եւ փոքր քանակով մարիխուանա հայտնաբերել: Նրանք ոչ մի հիմք չէին ունեցել ենթադրելու, որ այդ պահին Զիլերը թմրանյութեր էր օգտագործում: