Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը չի ողջունում Միջին Ասիայից ներգաղթածների՝ մայրաքաղաքում մշտական բնակություն հաստատելու երեւույթը:
«Ես դեմ եմ այդ մարդկանց հենց այնպես մնալուն: Եթե ինչ-որ մեկին պետք է թողնել, ապա առաջին հերթին՝ ռուսալեզուներին՝ մեր ավանդույթներին եւ մշակույթին համապատասխանողներին: Հայրենակիցներին, ինչպես որ պայմանականորեն անվանում ենք: Ռուսերեն վատ խոսող, միանգամայն այլ մշակույթի կրող անձինք ավելի լավ է իրենց երկրում բնակվեն», – «Մոսկովսկիե Նովոստի»-ին ասել է քաղաքապետը:
Նա հավելել է, որ Միջին Ասիայից ներգաղթածները հիմնականում սեզոնային աշխատողներ են, որոնք, «գումար վաստակելով՝ պետք է վերադառնան ընտանիքի մոտ, իրենց տուն, իրենց երկիր»:
«Կարծում եմ՝ Մոսկվան ռուսական քաղաք է եւ պետք է մնա այդպիսին: Ոչ չինական, ոչ տաջիկական, ոչ էլ ուզբեկական», – ընդգծել է Սոբյանինը:




























