Հունգարական Դյոնդոշ քաղաքի քաղաքապետարանում ադրբեջանական պատվիրակության հետ միասին մայիսի 9-ին հռչակագիր է ստորագրվել Դյոնդոշն ու Շուշին քույր քաղաքներ հռչակելու մասին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
Ըստ նրա՝ հունգարական Դյոնդոշ քաղաքում ելույթ ունեցողները բազմիցս մատնանշել են թուրք, ադրբեջանցի եւ հունգար ժողովուրդների ընդհանուր թուրանական արմատները: «Սակայն հարկ է նշել, որ թուրքական ժողովուրդները ոչ մի կապ չունեն Թուրանի հետ, որը գտնվում էր պատմական Իրանի հյուսիս-արեւելքում: Թուրքերի նախահայրենիքը Լեռնային Ալթայն է», - նշել է Բակուր Կարապետյանը:
Նա նաեւ հավելել է, որ Դենդնեշի քաղաքապետ Լասլո Ֆարագոյին եւ JOBBIK («Հանուն ավելի լավ Հունգարիայի») խորհրդարանական խմբակցության նախագահ Գաբոր Վոնին ուղղված բաց նամակում առաջարկել է ճշտել հունգար ժողովրդի պատմական արմատները, նաեւ նշել է, որ չարժե քաղաքական ժամանակավոր շահերի համար զոհաբերել սեփական ժողովրդի պատմությունը:
Նշենք, որ քույր քաղաքներ դառնալու մասին վերոհիշյալ հռչակագիրը ստորագրվել է Դյոնդոշի քաղաքապետ Լասլո Ֆարագոյի եւ ոմն Բայրամ Սաֆարովի կողմից, որն իբր Շուշիի գոյություն չունեցող իշխանության ներկայացուցիչն է՝ «նշանակված» Բաքվի կողմից:




























