Բաղդադում հերթական պայթյուն է որոտացել. Ջիհադի շրջանում, որտեղ բնակվում են եւ շիաներ, եւ սուննիներ, մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենա է պայթեցրել:
Պայթյունի հետեւանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում կողքով անցնող հարսանեկան արարողության մասնակիցները, վիրավորների թիվը 42 է: Ջիհադում ապրող սուննիները բազմիցս շիա արմատականների կողմից զգուշացումներ են ստացել, որ լքեն շրջանը, հաղորդում է Chicago Sun Times-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր շուկայի մոտ կայանված ավտոմեքենայում ռումբի պայթյունի մասին, որի հետեւանքով զոհվել էր 12, վիրավորվել 31 մարդ:
Վերջին ժամանակներս բռնության նոր ալիք է սկսվել Իրաքում, որն ամենախոշորն է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Փորձագետները կանխատեսում են, որ Իրաքում կարող է լուրջ քաղաքացիական պատերազմ բռնկվել:




























