Ադրբեջանի հակահայ քայլերը շարունակում են լայն տարածում գտնել, եւ մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք դրանց դեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, մամուլի ասուլիսում հայտնել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Շուշի քաղաքի եւ հունգարական Դյոնդոշի քաղաքապետարանի ու Ադրբեջանի պատվիրակության միջեւ ստորագրված այսպես կոչված բարեկամության հռչակագրի մասին:

Նա նշել է, որ այդ կապակցությամբ բաց նամակ է ուղարկել Հունգարիայի Դյոնդոշի քաղաքապետ  Լասլո Ֆարագոյին, ինչպես նաեւ JOBBIK («Հանուն ավելի լավ Հունգարիայի») խորհրդարանական խմբակցության նախագահ Գաբոր Վոնային: Նամակում նշվում է. «Անկասկած, դուք պետք է որոշեք,  թե ում հետ եք հաստատում բարեկամական հարաբերություններ եւ հակամարտող կողմերից որ մեկին պաշտպանեք: Հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպայի արարքից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձությունները կասկածի տակ դրեցին Հունգարիայի իշխանությունների հարգանքը միջազգային օրենքների հանդեպ եւ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նրանց ձգտումը:  Նման քաղաքականության շարունակության մասին է վկայում Դյոնդոշի քաղաքապետարանում պաշտոնական արարողությունը»:

Թեեւ արդեն ստորագրվել է «հուշագիր» Շուշիի հետ հունգարական քաղաքի բարեկամության մասին՝ Բակուր Կարապետյանը բաց նամակով առաջարկել է շարունակել բարեկամությունը ոչ թե ինքնակոչների, այլ քաղաքի իսկական իշխանությունների հետ: «Ես պատրաստ եմ խնդրել ԼՂՀ-ի եւ Շուշիի շրջանի իշխանություններին թույլ տալ ձեր երկրի պատվիրակությանը Շուշի այցելել եւ գործնական կապեր հաստատել քաղաքի իսկական իշխանությունների հետ», - ասվում է բաց նամակում: Այնտեղ նաեւ ընդգծվում է, որ  հրավերի մերժումը կհաստատի, որ մայիսի 9-ին Դյոնդոշի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումը զուտ քաղաքական ակցիա էր եւ նպատակ ուներ էլ ավելի սրել հայ-ադրբեջանական,  ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-հունգարական հարաբերությունները: