Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորներն, այսօր՝ մայիսի 30-ին, հանդիպել են Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Նա անդրադարձել է տարածաշրջանային զարգացման ու անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է բոլոր ազգերի ու ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության ու բազմակողմ հարաբերությունների հաստատման կողմնակից: Նա ներկայացրել է խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու պատմական անարդարության փաստը, խոսել Ադրբեջանի որդեգրած հայաթափման քաղաքականության, Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության ու ինքնորոշվելու հաստատակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնահարցի կարգավորման առկա իրողությունների մասին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:
Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է նաեւ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությանը, ապա շնորհակալություն հայտնել արաբ ժողովրդին՝ այդ տարիներին կոտորածից մազապուրծ հայությանը աջակցելու ու հանգրվան տալու համար: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Թուրքիան ոչ միայն չի ուզում ճանաչել իր կատարած ոճրագործությունը, այլեւ այսօր էլ շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը եւ ամեն ինչ անում է՝ ձախողելու առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի նախաձեռնությունները: Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է այն միտքը, որ, թեեւ առկա իրողություններին, Հայաստանը շարունակում է իր հարեւանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը:
Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ համոզմունք հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հետայսու ավելի կամրապնդվեն երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ու քաղաքական կապերի զարգացմամբ: Նա բարձր է գնահատել Հայաստանի վարած կառուցողական ու խաղաղասիրական քաղաքականությունը եւ հույս հայտնել, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով կլուծվեն հարեւանների հետ եղած բոլոր տարաձայնությունները, ինչը տեղի է ունեցել Իրաքի հետ Քուվեյթի հարաբերություններում:
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Քուվեյթի կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ներդրման համար բարձր է գնահատել հայկական համայնքի դերը՝ քուվեյթահայերին բնութագրելով որպես բանիմաց ու օրինապաշտ քաղաքացիներ:
Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավոր ներդրումներին: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ Հայաստանի հարկային դաշտը լիբերալ է ու նպաստավոր ներդրումների համար: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, նա առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում կամ Քուվեյթ կատարելիք իր այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ գործարարների, որոնք համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցնեն իրենց անելիքները եւ կոնկրետ քայլեր կձեռնարկեն:
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:
Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով:




























