Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր՝ մայիսի 30-ին, կայացած խորհրդակցությանը քննարկվել են ԵԽ-ում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումների կազմակերպչական հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 18-ին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, որին նախատեսվում է Կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Ստաայի, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության եւ տարածաշրջանների պալատների նախագահների ու ներկայացուցիչների մասնակցությունը:

Հաջորդ օրը` հունիսի 19-ին կկայանա «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողով, որի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ` «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ եւ ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձեւեր» թեմաներով:

Փոխվարչապետը կարեւորել է, որ միջոցառմանը, բացի Կոնգրեսի բյուրոյի նիստի մասնակիցներից, հրավիրվեն նաեւ միջազգային եւ տեղական փորձագետներ, հայաստանյան ոլորտային հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկվել են նաեւ աշնանը Երեւանում նախատեսվող ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպման նախապատրաստման եւ անցկացման հարցեր: Փոխվարչապետը կարեւորել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն արդեն սկսեն նախապատրաստական աշխատանքները եւ գործընկերների հետ համաձայնեցնեն հանդիպման ծրագիրն ու օրակարգը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: