Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն մայիսի 29-ին մասնակցել է Եվրախորհրդարանում կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. Ժողովուրդների հաշտության կամուրջ» կոնֆերանսին: Նրան այդ կոնֆերանսին հրավիրել էր եվրոպացի պատգամավոր եւ Եվրոպա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Էլենի Թեոխարուսը, ում հետ Բուայեն ապրիլի 24-ից հետո այցելել էր Հայաստան եւ Արցախ, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը, ով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հիշեցրել է ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի կարեւորության մասին, որը նաեւ եվրոպական պայքար է:

«Ֆրանսիան պետք է իր ազգային օրենսդրության մեջ մտցնի ԵՄ շրջանակային որոշումը ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ, թուրքական եւ ադրբեջանական ժխտման քարոզչությունը շարունակում է տարածվել Ֆրանսիայի հողում: Այսօր առավել քան երբեւէ մեր երկրի ձայնը պետք է բարձրանա ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի արժեքների: Նավթով չես կարող գնել ոչ հիշողությունը, ոչ էլ՝ մարդու իրավունքները»,-հայտարարել է Բուայեն: