Եվրոպայում կասեցվել է ծխախոտի մաքսանենգության խոշոր ցանցի գործունեությունը: Դա վերջին տարիներին Եվրոպայում նմանատիպ ամենախոշոր գործողությունն է: Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի ոստիկանները 2,7 մլն տուփ ծխախոտ են առգրավել եւ Մարբելյեի կենտրոնում ձերբակալել հանցավոր խմբավորման 13 անդամների: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, հաղորդել է Իսպանիայի ՆԳՆ-ն:

Ճյուղավորված ցանցը, կառույցները, որոնք գործել են Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում ու Եվրոպայում, հնարավորություն են ունեցել ամեն ամիս Եվրոպայի երկրներ մատակարարել 10 կոնտեյներ մաքսանենգ ծխախոտ՝ յուրաքանչյուր կոնտեյներից ստանալով 1,1 մլն եվրո շահույթ, ասվում է նախարարության ամփոփագրի մեջ:

Ձերբակալվածների շարքում կա անգլիացի, իռլանդացի, բելգիացի եւ Իսպանիայի 10 քաղաքացի: Մաքսանենգ ապրանքի մատակարարումների մեծ մասն անցել է Ալխեսիրաս-Վալենսիա-Անտվերպեն-Լիսաբոն երթուղով: