ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կրկին ռիցին պարունակող նամակ էին ուղարկել, որը նախքան Սպիտակ տուն հասնելն առգրավվել էր: Ավելի վաղ նման մի ծրար էին ուղարկել նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին:

Մասամբ համընկել էր նամակի բովանդակությունը. «Այն, ինչ գտնվում է այս ծրարում, ոչինչ է նրա համեմատությամբ, ինչ ես պատրաստել եմ քեզ համար»: Նմանատիպ մեկ նամակ էլ ստացել էին Վաշինգտոնի «Քաղաքապետներն ընդդեմ ապօրինի զենքի» հասարակական կազմակերպության գրասենյակում, որի ակտիվ մասնակիցն է Բլումբերգը:

Բոլոր երեք նամակների վրա էլ եղել է  Շրիվպորտ քաղաքի (Լուիզիանա նահանգ) փոստի կնիքը` մայիսի 20-ի ամսաթվով, հաղորդում է «polit.ru»-ն:

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ նախագահ Օբամային եւ քաղաքապետ Բլումբերգին ռիցին պարունակող նամակներն ուղարկելու կասկածով ձերբակալվել է Թեքսաս նահանգի մի բնակիչ: Նամակների ենթադրյալ ուղարկողին  ոստիկաններին մատնել է վերջինիս կինը:

Թեքսասի Նյու Բոսթոն քաղաքի բնակչուհին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ ամուսնու համակարգչում ռիցին պատրաստելու ցուցումներ է հայտնաբերել, ինչպես նաեւ տեղեկություն Օբամայի եւ Բլումբերգի մասին: Կինն իր տան սառնարանում գտել էր նաեւ ռիցինին նման կասկածելի նյութով տուփ: Ներկայումս կասկածյալին, որի անունը չի բացահայտվում, հարցաքննում են ոստիկանությունում:

Ապրիլի կեսերին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները բռնել էին  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անունով ուղակված ռիցին պարունակող նամակ: Որոշ ժամանակ անց ձերբակալվել էին կասկածյալ 45-ամյա նկարիչ Փոլ Քեւին Քերթիսը եւ  Էվերեթ Դաթչքեն: