Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 31-ին, հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է երկու պետությունների խորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձեւաչափով փոխշփումները զգալիորեն նպաստում են  երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնական այցելությունը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում:

Քուվեյթի խորհրդարանի նախագահն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում ունեցած հանդիպումները շատ բովանդակային են եւ օրենսդիր մարմնի աջակցությունն է հայտնել երկու երկրների կառավարությունների կողմից երկկողմ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված գործուն քայլերին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Քուվեյթում եւ Երեւանում դեսպանատների հիմնումից հետո երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ են թեւակոխել։

Քուվեյթի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում գտնվող սիրիահայերին Քուվեյթի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար։