Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 1-ին, ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու բարեկամ Քուվեյթից ժամանող պատվիրակություններին: Նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ խորհրդարանական կապերը եւ համագործակցությունը սկիզբ են առնում երկու բարեկամ երկրների հարաբերությունների ակունքից: Հանրապետության նախագահի խոսքով, արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:
Զրուցակիցները ուրախությամբ են արձանագրել տարբեր մակարդակի փոխայցելությունները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Անդրադառնալով դեռեւս 2009թ. Քուվեյթ կատարած իր այցին եւ դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դրանք կյանքի են կոչվում, երկու երկրներում արդեն իսկ գործում են դեսպանություններ, իսկ ընթացիկ տարում Քուվեյթում գումարվելու է միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ժամանակ կքննարկվեն ընթացիկ ծրագրերը եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Քուվեյթի ԱԺ նախագահն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:




























