Հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի եւ Ս.Մովսիսյանի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք:

Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: