Ղրղըզստանում հուզումները շարունակվում են. «ժողովրդական նահանգապետ» հռչակված Մեդեր Ուսենովի կողմնակիցները փակել են Բիշքեկ-Օշ ավտոմայրուղին` պահանջելով նրան ազատել կալանքից:
Ուսենովին Ղրղըզստանի մայրաքաղաք էին տեղափոխել իշխանության բռնազավթման փորձի մեղադրանքով: Նրան ձերբակալել էին Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուսենովին առեւանգել էին: Այնուհետեւ ԱԱՊՀ-ի աշխատակիցները հայտնել էին «Ջալալ Աբադի ինքնակոչ նահանգապետի» ձերբակալության մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախկինում ուժայինները հերքում էին իրենց մասնակցությունը «առեւանգմանը» եւ հայտնել էին, որ նման քայլի կարող էին դիմել միայն քաղաքական գործչի մերձավորները` աղմուկ բարձրացնելու նպատակով:
Ամեն ինչ սկսվել էր այն բանից, երբ մայիսի 31-ին շուրջ 200 մարդ ներխուժել էին Ջալալ Աբադի նահանգապետարան եւ Ուսենովին հռչակել «ժողովրդական նահանգապետ»:
Ղրղըզստանի հյուսիսի անկարգությունները հասել են երկրի հարավ
Այդ իրադարձությունների կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել:
Ղրղըզստանի Ջալալ Աբադ քաղաքի անկարգությունների փաստով քրեական գործ է հարուցվել
Ըստ ականատեսների` հունիսի 2-ին Ուսենովի հարյուրավոր կողմնակիցներ եկել էին Ջալալ Աբադի ԱԱՊԿ-ի նահանգային վարչության շենքի մոտ եւ պահանջել ազատել «ժողովրդական նահանգապետին», ինչպես նաեւ «Աթա Ժուրտ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր Կամչիբեկ Թաշիեւին:
Իրենց պահանջների բավարարմանը չհասնելով` ցուցարարները փակել են Բիշքեկ-Օշ մայրուղին: Արգելափակված ճանապարհի երկու կողմերում հազարավոր մեքենաներ են կուտակվել: Իշխանության տեղական մարմինների եւ ուժային կառույցների ներկայացուցիչները բանակցություններ են վարում ցուցարարների հետ:




























