Մայիսի 29-ին եւ 30-ին Ժնեւում ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանում քննարկվել է Հայաստանի 3-րդ եւ 4-րդ պարբերական զեկույցը: Այն վերաբերել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, ինչպես նաեւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից  զինված հակամարտություններին երեխաների մասնակցության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունների դրույթների կատարմանը: Այդ մասին հայտնում են Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հայաստանյան պատվիրակության ղեկավար Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է  զեկույցը, մասնավորապես անդրադառնալով  ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով եւ կից արձանագրություններով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին` օրենսդրական եւ պրակտիկայում արձանագրված բարեփոխումներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության  ձեռնարկած եւ նախատեսվող քայլերին:

Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է երեխայի իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիրը, նախորդ ռազմավարության եւ գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած մի շարք օրենքների նախագծերը՝ ուղղված Կոնվենցիայի եւ երկու կամընտիր արձանագրությունների դրույթների կատարմանը:

Քննարկվել են նաեւ երեխաների ու հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքին,  սոցիալական ապահովությանը, մինչծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում երեխայի մորը եւ երեխային տրամադրվող առողջապահական ծառայություններին ու անչափահասների արդարադատության ոլորտին, ինչպես նաեւ երեխայի մասնակցությամբ զինված ընդհարումներին, մանկավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի եւ մանկական մարմնավաճառության կանխմանն առնչվող հարցեր:

Կոմիտեն ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի եւ երկու կամընտիր արձանագրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկած քայլերը եւ հորդորել շարունակել ստանձնած պարտավորությունների կատարումը:

Զեկույցի քննարկումից հետո ընդունվել են կոմիտեի եզրակացություններն ու առաջարկությունները:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալան հարցերի, Կրթության եւ գիտության, Պաշտպանության նախարարությունների ու ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների  կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը 5 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցների միջոցով հսկում է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի եւ կից կամընտիր արձանագրությունների կատարման ընթացքը: