ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կրկին չի հաջողվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին նստեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է խմբի կազմում ընդգրկված երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ, հերթական փուլը, որ նախատեսված էր հունիսի 12-ին, Զալցբուրգում, չի կայանալու: Նրա կանխատեսումներով, «այժմ նման հանդիպումների մասին կարելի կլինի խոսել ամռան վերջից, աշնան սկզբից ոչ շուտ»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսին տարածաշրջան վերջին այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու էին երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը: Տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը կայանալու է Զալցբուրգում հունիսին:
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Յան Քելլիի գրասենյակից հայտնել էին, թե հակամարտության կողմերը համաձայնության են եկել բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հարցում: Գրասենյակում նշել էին, որ համանախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում նման հանդիպում կազմակերպելու համար:




























