Ֆրանսիայի Մարսել քաղաքում, այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Terre d` Armenie» կազմակերպության նախաձեռնությամբ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում անցկացվել է Հայաստանի տուրիզմին եւ Արցախի ներկայացմանը նվիրված օր, որի ընթացքում կայացել է Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերը ներկայացնող ցուցադրություն:
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:
«YAN Voyage» տուրիստական կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տուրիստական ոլորտները, Ղարաբաղում «ԱՐՑԱԽ» ՀԷԿ-ի ծրագրային նախագիծը՝ Րաֆֆի Բալոզյանը, իսկ «Սինոփսիս» ընկերության գործունեությունը՝ Հովիկ Մուսայելյանը:
Ցուցադրվել է ֆիլմ Արցախի մասին:
Շարունակվում է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի եւ հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտեւի մինչեւ հունիսի 23-ը եւ նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման ֆոնդին:
Երեկոյան «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում կկայանա Ֆրանսահայ Երիտասարդների միության (JAF) պարի եւ երգի խմբի համերգը:




























