Ադրբեջանի հասցեին հնչած հերթական ներբողի հեղինակը փոխվարչապետ, Փախստականների եւ հարկադրաբար վերաբնակեցվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն է: Նշենք, որ Ադրբեջանում տոնում են Մարդու իավունքների պաշտպանության օրը: Այդ կապակցությամբ անցկացվում է օմբուդսմենների` թվով 11-րդ միջազգային կոնֆերանսը:

«Ադրբեջանն աշխարհի ամենահանդուրժողական երկիրն է», «Ադրբեջանի զարգացմամբ միջազգային մակարդակում աճում է խանդի եւ նախանձի զգացումը պետության եւ նախագահի նկատմամբ», հայտարարել է Ալի Հասանովը: Նրա խոսքով` վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը վերածվել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի: Այս հարավկովկասյան բռնապետական երկրում բարեկեցության, ժողովրդավարության եւ հանդուրժողականության մասին են խոսում քաղբանտարկյալների առկայությունը, անվերջ բողոքի ակցիաները, փախստականների ճամբարները: Սակայն արտերկրյա հյուրերը Բաքվում կլինեն մեկ-երկու օր եւ կտեսնեն այն ամենը, ինչը նախատեսված է, որ նրանք տեսնեն: Իսկ «ճիշտ տպավորությունը» կապահովեն Հասանովն ու նրա նմանները:

Հայտարարելով «հանդուրժողականության» մասին` Ադրբեջանը շարունակում է հերքել հայերին արտաքսելու, հայկական կոտորածների, հայկական ժառանգություն հանդիսացող հուշարձանների ոչնչացման վերաբերյալ առկա փաստերը: