«Սոֆթֆորջ» ընկերությունը ներկայացրել է նոր ծրագրային հավելված նախատեսված Android համակարգով աշխատող հեռախոսների եւ պլանշետների համար: Հավելվածը կոչվում է ArmGuide եւ իրենից ներկայացնում է Երեւանի եւ Հայաստանի ուղեցույց՝ նախատեսված թե՛ տեղացիների եւ թե՛ զբոսաշրջիկների համար:
Ծրագիրն արդեն ունի ավելի քան 12.000 օգտագործող, հանդիսանում է հայկական Android ծրագրերի առաջատարը եւ արժանացել է օգտագործողների բարձր գնահատականին: Ինչպես նշում են ծրագրի ստեղծողները, նմանատիպ համակարգի անհրաժեշտությունը բխում էր երկու պատճառներից՝ նախ տեղացիների համար օգտակար է հեռախոսի մեջ ունենալ այնպիսի համակարգ, որը թույլ կտա շատ արագ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքի անցուդարձի, նոր եւ յուրօրինակ վայրերի եւ միջոցառումների մասին: Երկրորդ դրդապատճառն այն է, որ զբոսաշրջիկները՝ այցելելով Հայաստան հաճախ չեն իմանում, թե ինչ կարելի է տեսնել եւ ինչ անել: Ելնելով այս երկու դրդապատճառներից՝ ստեղծվեց ArmGuide հավելվածը, որը նպաստում է տեղեկատվության բացի լրացմանն ու այս խնդիրների լուծմանը՝ ընձեռելով հնարավորություն ցանկացած պահի, ցանկացած վայրից, անմիջապես հեռախոսի միջոցով կողմնորոշվել քաղաքի անցուդարձում: Ծրագրում ներկայացված են բազմաթիվ մշակույթային եւ տեսարժան վայրեր, ժամանցային կենտրոններ, տեղեկատվություն փոխարժեքի, տաքսի ծառայությունների, բջջային օպերատորների, հանրային սննդի վայրերի, խանութների եւ այլնի մասին: Ծրագիրը նաեւ հնարավորություն է ընձեռում տեղեկանալ սպասվելիք բազմազան միջոցառումների, կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի, զեղչերի եւ այլնի վերաբերյալ:
Շուտով հասանելի կլինի նաեւ «Զեղչեր» բաժինը, որը օգտագործողներին կտեղեկացնի գործող եւ սպասվող զեղչերի եւ ակցիաների մասին՝ հնարավորություն տալով գնորդին միշտ հեշտությամբ կողմնորոշվել խանութների բազմազանությունում եւ կատարել շահավետ գնումներ:
«Սոֆթֆորջ» ընկերությունը հայտնում է նաեւ, որ շուտով պատրաստվում է կազմակերպել անվճար դասընթացներ, սեմինարներ եւ պրակտիկ աշխատանքներ ուսանողների եւ աշակերտների համար՝ նպատակ ունենալով երիտասարդության շրջանում մեծացնել հետաքրքությունը տեղեկատվական տեխնոլոգիների նկատմամբ:
Ծրագրի ստեղծողները խոստանում են, որ դրա զարգացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, մասնավորապես՝ բազմաթիվ օգտագործողների խնդրանքով, շուտով ծրագիրը հասանելի կլինի նաեւ Apple սարքերի սիրահարների համար:
Ծրագրին կարելի է ծանոթանալ եւ ներբեռնել հետեւյալ հղումով
Նշենք նաեւ, որ աշխարհի գրեթե բոլոր մայրաքաղաքները ունեն նմանատիպ համակարգ: Այժմ Երեւանը նույնպես դասվեց դրանց շարքին:




























