ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն պատմության մեջ առաջին անգամ բանակցություններ կվարեն Աֆղանստանում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աղբյուրը:

Հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ հունիսի 18-ին թալիբներն իրենց ներկայացուցչությունն են բացել՝ Աֆղանստանի կառավարության հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար:

ԱՄՆ ներկայացուցիչը հրապարակել է բանակցությունների անցկացման պայմանները. թալիբները պետք է խզեն բոլոր կապերը «Ալ-Կաիդայի» հետ, դադարեցնեն զինված հարձակումները եւ ընդունեն Աֆղանստանի Սահմանադրությունը, որը պաշտպանում է կանանց եւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, հաղորդում է Polit.ru-ն՝ վկայակոչելով NBC-ն:

Բանակցությունները «երկար ու բարդ» կլինեն, հայտարարել է հեռուստաալիքը: ԱՄՆ-ը կձգտի հասնել ամերիկացի զինվորական Բոուի Բերգդալի ազատ արձակմանը, որն արդեն երկար ժամանակ գտնվում է գերության մեջ՝ «Հաքանի» խմբավորման մոտ (ՆԱՏՕ-ի դեմ պայքարում թալիբների դաշնակից):
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատարությունը երկրում անվտանգության վերահսկողությունն ամբողջությամբ հանձնել է Աֆղանստանի անվտանգության ուժերին: ՆԱՏՕ-ի զորքերը երկիրը կլքեն 2014-ին: