Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկզբունքորեն դեմ է կարգավորման ցանկացած բանաձեւի, որով պահանջում են Հայաստանից եւ Արցախից գնալ որեւէ զիջման: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մեկնաբանության մեջ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների վերջին հայտարարության հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր հայտարարությունը տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկզբունքորեն դեմ է կարգավորման ցանկացած բանաձեւի, որով պահանջում են Հայաստանից եւ Արցախից գնալ որեւէ անվտանգության ռազմավարական եւ անվերադարձ զիջումների՝ Ադրբեջանի կողմից հետագա գործողությունների մասին լղոզված խոստումների դիմաց»,-ասված է հայտարարությունում:

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, ոչ թե ՝ պատերազմի:

«Նախկինի պես վստահ ենք, որ վերջին 4 տարիների ընթացքում մեր երկրների արած հայտարարություններում առկա դրույթները պետք է հիմք հանդիսանան ղարաբաղյան հակամարտության արդար եւ կայուն կարգավորման համար: Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ յուրաքանչյուր փորձ` ուղղված դրանցից մեկին նախապատվությունը տալուն, բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը»,-ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջնորդների հայտարարությունում: