Հունիսի 15-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Թրանսիլվանիա` մասնակցելու Գեռլա քաղաքի օրերին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեռլա քաղաքի օրերը ավանդական տոնակատարություն է, որ արդեն 15 տարուց ի վեր կազմակերպվում է տեղական իշխանությունների կողմից եւ համընկնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Անցյալ տարի Իջեւանի հետ բարեկամության համաձայնագիր կնքելուց հետո քաղաքային իշխանությունները քաղաքապետ Մարիուս Սաբոյի նախաձեռնությամբ որոշել էին այսուհետեւ պաշտոնապես միացնել զույգ տոները եւ հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը հայտարարել քաղաքի օրերի մեկնարկ:

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Հորեա Ույորեանուն, Գեռլայի հետ եղբայրացած ֆրանսիական, իտալական, գերմանական, պորտուգալական եւ լեհական քաղաքների պատվիրակներ, իսկ Իջեւան քաղաքը ներկայացնում էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Ժամանակին հայերի կողմից հիմնված քաղաքային այգուն հարող ընդարձակ մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը գեռլացիների առջեւ հատուկ ուղերձով հանդես է եկել դեսպան Գասպարյանը եւ Վարուժան Ոսկանյանը` ընդգծելով նախկին Արմենոպոլիսի եւ շրջանի մյուս հայաբնակ քաղաքների նշանակությունը Թրանսիլվանիայի զարգացման եւ առաջադիմության գործում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնելով ռումինական իշխանություններին եւ տեղական պատասխանատուներին ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ տեղի հայ կաթոլիկ համայնքի կարիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Քաղաքի օրերի հանդիսավոր բացումից հետո ռումին բարձրաստիճան պաշտոնյաները եւ հրավիրյալ պատվիրակները ներկա են եղել եղան Գեռլայի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդության տաճարում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագին եւ Հայոց մշակութային տան գեղարվեստական ծրագրին: 

Հաջորդ օրն առավոտյան դեսպան Գասպարյանը մասնակցել է Գեռլայի քաղաքապետարանում եղբայրացած քաղաքների պատվիրակների հետ կազմակերպված խորհրդակցությանը, որտեղ քննարկվեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցեր:

Օգտվելով առիթից` այդ օրերին Ֆրանսիայից ժամանած մասնագետի հետ դեսպան Գասպարյանն այցելել է նահանգային վարչական կենտրոն Կլուժ քաղաքի պետական արխիվներ, Գեռլայի եւ Դումբրավենի թանգարաններ եւ եկեղեցապատկան պահոցներ՝ ծանոթանալու այդ հաստատություններում պահվող հայկական ձեռագրերին, գրավոր փաստաթղթերին եւ պատմական ու գիտական հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերին, որոնք պետք է մաս կազմեն հետագայում կայանալիք ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ խոշոր ցուցահանդեսի:

Նոյեմբերյանի հետ եղբայրացած Դումբրավեն քաղաքում դեսպան Գասպարյանը հանդիպում եւ գործնական զրույց է ունեցել նաեւ քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի հետ:

Գեռլայում դեսպան Գասպարյանը հարցազրույցներ է տվել ռումինական հեռուստատեսության տարբեր ծրագրերի:

ՀՀ դեսպանի Թրանսիլվանիայի քաղաքներ այցը կազմակերպվել էր տեղի համայնքային ղեկավարներ Յոն Էստեգարի եւ Յոն Կալինեսկուի հետ համագործակցաբար: