ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facbook-ի իր էջում մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների վերջին համատեղ հայտարարությունը՝ կապված ԼՂ խնդրի հետ:
Նա մասնավորապես, գրել է հետեւյալը.
Օբամա, Պուտին, Օլանդ` OPO Minsk style
1.Նախեւառաջ նման հայտարարությունը վերահաստատում է Մինսկի խմբի ունիկալ ձեւաչափը` ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը եւ իր շահերը պաշտպանող մի շարք միջազգային փորձագետներ եւ ատյաներ փորձում են Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության հարց բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ այս թեման բարձրագույն մակարդակով ամբողջությամբ փակված է:
2.Ադրբեջանական գազանավթային շանտաժի արտաքին քաղաքականությունը ձախողվում է` ոչ միայն գլոբալ էներգետիկ համաշխարհային զարգացումների, էներգիայի նոր աղբյուրների հայտնաբերման պատճառով, այլ նաեւ, որովհետեւ Ադրբեջանում իջել են օրգանական վառելիքի` գազի եւ նավթի արտահանման եւ մշակման ծավալները:
3.Համանախագահների հայտարարությունը լրացուցիչ կարեւորություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանին` տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը պարտադիր պայման համարելով:
4.Այս հայտարարությունը հերթական ահազանգը պետք է լինի Ադրբեջանի իշխանություններին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Հիշենք «Freedom House»-ի կողմից արձանագրած Ադրբեջանի կտրուկ հետընթացը` քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների տեսակետից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, ոչ թե ՝ պատերազմի:
«Նախկինի պես վստահ ենք, որ վերջին 4 տարիների ընթացքում մեր երկրների արած հայտարարություններում առկա դրույթները պետք է հիմք հանդիսանան ղարաբաղյան հակամարտության արդար եւ կայուն կարգավորման համար: Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ յուրաքանչյուր փորձ` ուղղված դրանցից մեկին նախապատվությունը տալուն, բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը»,-ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների առաջնորդների հայտարարությունում:




























