Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում հուլիսին ակնկալվող համալրմանը սպասում է ողջ Մեծ Բրիտանիան: Կարծում են, որ շժառանգի ծննդյան հետ կապված հուշանվերների եւ ապրանքների վաճառքի ծավալը կհասնի 243 միլիոն ֆունտ ստեռլինգի (380 մլն դոլար):

Նորածնի շնորհիվ մեծ գումարներ կշահի ոչ միայն տնտեսությունը, այլեւ թագավորական ընտանիքը: Թագավորական խորհրդանշաններով ապրանքներն արդեն վաճառվում են թագավորական խանութների ցանցում: Հավանաբար թոռնիկի կամ թոռնուհու շնորհիվ լավ կվաստակեն նաեւ Քեյթ Միդլթոնի ծնողները, որոնք իրենց խանութներում թոռան ծննդի հետ կապված մի քանի տեսակի ապրանքներ են վաճառքի դրել, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Ըստ տնտեսագետների գնահատման՝ մոտ 4.8 մլն բրիտանացիներ նորածնի ծնունդը նշելու նպատակով գնվելիք  3 մլն շիշ շամպայնի եւ գինու համար կծախսեն 62 մլն ֆունտ:  Եվս  25 մլն  կծախսվի տոնախմբությունների համար:

56 միլիոնի հուշանվերներ կգնվեն, 76 միլիոնի՝ գրքեր, DVD-ներ եւ տեղեկատվության այլ կրիչներ: Անգամ խաղալիքները մեծ ծախսեր կպահանջեն՝ 24 մլն ֆունտ: