Ժնեւում շարունակվում է Միգրացիայի Միջազգային կազմակերպության կողմից «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության»(ՄՄԵ) շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն են բերել այդ բացառիկ միջոցառմանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես է եկել ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն, դեսպան Վիլիամ Լեյսի Սվինգը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարեւորել է նախարարական առաջին համաժողովի գումարումը այսպիսի մակարդակում, սփյուռք ունեցող եկրկների միջեւ փորձի փոխանակումը, երկխոսության ձեւավորումն ու հարաբերությունների զարգացումը:
Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել 3 հիմնական ուղղություններով` «սփյուռքները եւ հասարակությունները», «սփյուռքները եւ պետությունները», «սփյուռքները եւ զարգացումը»:
ՀՀ սփյուռքի նախարարը հանդես է եկել ելույթով «Սփյուռքները եւ պետությունները» քննարկման ընթացքում: Նա ներկայացրել է սփյուռքների առաջացման հիմնական պատճառները՝ պատերազմներ, հասարակական եւ տնտեսական ճգնաժամեր, բնակչության տեղաշարժեր աշխատանքի նպատակով, գլոբալացվող աշխարհ եւ այլն, ինչպես նաեւ անդրադարձավ հայկական Սփյուռքի առաջացման կարեւորագույն պատճառին` Հայոց ցեղասպանությանը:
Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը հատկապես կարեւորել է պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացման քաղաքականությունը, նրա իրականացման կառուցակարգերը, ինչպես նաեւ ներկայացրել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մշակվող եւ իրականացվող ծրագրերը:
Անդրադառնալով սփյուռքի հսկայական ներուժին, վերջինիս ազդեցությանը ինչպես ընդունող, այնպես էլ ծագման երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վրա՝ նախարարը ողջունել է միջազգային մակարդակում սփյուռքներին վերաբերող խնդիրների քննարկումը եւ հույս հայտնեց, որ դրանք կդառնան պարբերական, կգտնվեն ընդհանրական լուծումներ, կձեւակերպվեն սփյուռքների իրավունքներն ու պարտականութունները վերպետական, միջպետական, ներպետական եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում եւ կառուցակարգերում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը նպաստել հասարակություններում սփյուռքների ինտեգրմանը մշակութային երկխոսության միջոցով` հաշվի առնելով ազգային, կրոնական տարբերությունները, ավանդույթներն ու սովորույթները: Նախարարի՝ ՄԱԿ-ի կողմից սփյուռքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում, որոնք էլ առաջարկեցին մշակել նախագիծ` հետագայում այն ՄԱԿ ներկայացնելու ակնկալիքով:
Համաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը նախարարի ելույթից անմիջապես հետո փորձել է պատասխանել նախարարին` անդրադառնալով Հայոց Ցեղասպանության փաստի պատմական իրողության ուսումնասիրման անհրաժեշտությանը, հիշեցնելով 2009 թ. ստորագրված արձանագրությունների մասին: Հրանուշ Հակոբյանը ՀՀ պատվիրակութայն անունից հակադարձել է թուրքական պատվիրակությանը` նշելով, որ ուրախ է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը գտավ դահլիճում իր հասցեատիրոջը: Նա կրկին անգամ շեշտել է, որ հայկական Սփյուռքը Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետեւանք է եւ կարծում է, որ Թուրքիայի պատվիրակը այս հարցում որեւէ կասկած չունի, եւ կգա մի օր, երբ Հայոց ցեղապանությունը ի վերջո կճանաչվի:




























