Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին մոտ 1 մլրդ դոլար զենքի մատակարարման գործարքը, այն տեղեկություններից հետո, թե Բաքուն իրականում տառապում է Մոսկվայի զենքի էմբարգոյից:  Այս մասին  նշվում է փորձագետ Ջոշուա Կուչերի հոդվածում, որը հրապարակվել է «Eurasianet.org» կայքում:

Հեղինակը նշում է,  որ գործարքներն իրականում կայացել են վերջին երկու տարվա ընթացքում, եւ դրանց մեծ մասի մասին կարծես թե ավելի վաղ նույնպես հաղորդվել է: Սակայն զենքը, ըստ ամենայնի, հասցվել է Բաքու վերջերս:

«Բայց մենք ապրիլին լսել էինք, որ Ռուսաստանը դադարեցրել է զենքի մատակարարումը Ադրբեջան, մասնավորապես, մի քանի ռազմական օդանավերի մասով»: Սակայն այս նորությունը չի հակասում այսօրվա հաղորդագրությանը` հաշվի առնելով, որ վերջինը վերաբերում է արդեն ստորագրված գործարքին:

Տվյալ պահին, ըստ Կուչերի, «Հարավային Կովկասում ռազմական հավասարակշռության խախտումը» կարելի է էվֆեմիզմ համարել:

«Ինչով է պայմանավորված առաքումների հարցում ձգձգումը, եւ ինչպես է այն հաղթահարվել, կարելի է միայն կռահել: Անկեղծ ասած,  այս երեւույթը հերթական պատմությունից մեկն է, որը  թույլ չի տալիս հասկանալ, ինչ է տեղի ունենում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ռազմաքաղաքական առումով: Դիտարկենք փաստերը. Ռուսաստանը շատ զենք է տալիս Հայաստանին, քանի որ նա ռազմավարական դաշնակից է, սակայն միաժամանակ, սեփական շահից ելնելով,  զենք է վաճառում նաեւ Հայաստանի նավթով հարուստ թշնամուն` Ադրբեջանին, որի հետ հավանական է պատերազմը:  Սա իսկապես շահավետ իրավիճակ է, բացառությամբ, սակայն, Կովկասի ժողովուրդների համար, որոնք երբեւէ կարող են դառնալ այդ զենքի զոհերը»,-գրել է Կուչերը: