Պնդումները, թե ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայի հակամարտության լուծման հարցում «վա-բանկ» գնալ, չափազանցված են, մենք ձգտում ենք վերջ տալ պատերազմին Սիրիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սպիտակ Տան ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է թույլ չտալ, որպեսզի քիմիական զենք կիրառվի կամ դա ընկնի այն մարդկանց ձեռքը, որոնք կարող են այն օգտագործել: ԱՄՆ նախագահը հրաժարվել է մեկնաբանել սիրիական ընդդիմությանն օգնելու հարցը:
Կանցլերն, իր հերթին, հերթական անգամ ընդգծել է, որ իր երկիրը զենք չի մատակարարի սիրիացի ընդդիմադիրներին: «Գերմանիան առաջնորդվում է հստակ իրավական կանոնակարգերով, որոնց համաձայն զենք չի կարելի մատակարարել այն շրջաններ, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում»,-ասել է Մերկելը:




























