Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ, Ուիթբիի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Սայմոն Փարքսը խոստովանել է, որ ինքը զավակ ունի այլմոլորակային կնոջից: Այդ մասին գրում է  Northern Echo-ն: Ըստ 53-ամյա քաղաքական գործչի` իր երեխայի անունն է Զարկա, իսկ նրա մորն ինքն անվանում է Կատու-թագուհի:

Փարքսը չի ճշտել, թե երբ է դարձել այլմոլորակայինի հայր: Նա հայտնել է, որ այլմոլորակային կնոջ հետ սեռական հարաբերություն է ունենում տարեկան չորս անգամ: Ըստ նրա` այդ օրերին ինքը բռնում է ընկերուհու ձեռքը, ասում, որ պատրաստ է, որից հետո իրենք հայտնվում են թռչող ափսեում: Թե ինչպես է դա տեղի ունենում, քաղաքական գործիչը չգիտի, հաղորդում է lenta.ru-ն:

Փարքսը խոստովանել է, որ այլմոլորակային ընկերուհու հետ իր հարաբերությունների մասին վերջերս իմացել է իր երկրային կինը, որից ինքն ունի երեք երեխա: Նա հայտնել է, որ դա շատ է վշտացրել իր կնոջը: Սակայն փոքրիկ անախորժությունն իր ընտանիքում չի հանգեցնի լուրջ հետեւանքների:

Իրեն այլմոլորակայինի երեխա համարող Սայմոն Փարքսը (նա պատմել է, որ իր իսկական մայրը բարձրահասակ կանաչ այլմոլորակային է, որի ձեռքերին չորս մատ կա) վստահեցրել է, որ այլմոլորակայինների հետ իր հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդում աշխատանքի եւ կյանքի վրա: Ըստ նրա՝ այլմոլորակայինների հետ առաջին անգամ կապի մեջ է մտել դեռեւս նորածին ժամանակ, եւ գիտի, որ իրավիճակն իր հսկողության տակ է: