Նիկարագուայի բանակի ղեկավար կազմը, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Մանուել Լոպեսը, զոհվել է  Մանագուա լճի արեւմտյան ափի մոտ տեղի ունեցած Մի-17 ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով:

Ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռը Կուատրո Պալոս քաղաքի հարեւանությամբ թռչելիս անհայտ պատճառներով ընկել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ին: Ըստ նախնական տվյալների` ուղղաթիռը բռնկվել է օդում եւ պայթել: 
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` վթարից քիչ առաջ օդաչուն հասցրել է իրադրության մասին զեկուցել  կարգավարին:

Բացի Գլխավոր շտաբի պետից, զոհվածների շարքում են եղել ռազմաօդային ուժերի հետախուզության ծառայության պետ, գնդապետ Չեսթեր Վարգասը, երկրի հակաօդային պաշտպանության ծառայության պետ Ալդո Հերերան, այլ բարձրաստիճան անձինք:

Ըստ մամուլի` զոհված զինվորականները  1979թ. հեղափոխության հաղթանակից հետո Նիկարագուայի զինված ուժերի հիմնադիրներից էին: