Լիտվայի սեյմը Էդիգիյուս Վարեյկիսին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ վերջինս ծեծի է ենթարկել կնոջը: Համապատասխան որոշմանը 141 պատգամավորներից 84-ը կողմ են քվեարկել:
Ինչպես հաղորդում է Delfi.lt-ը, ավելի վաղ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով խորհրդարան էր դիմել Լիտվայի գլխավոր դատախազ Դարյուս Վալիսը: Պատգամավորը խոստովանել է իր մեղքը եւ զղջացել կատարվածի համար: Նա դեմ չի եղել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն:
Այժմ, երբ որոշումն ընդունվել է, Վարեյկիսը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Դատախազությունում նշում են, որ հետաքննությունը կարող է դադարեցվել, եթե քաղաքական գործիչը հաշտվի կնոջ հետ:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի սկզբին: Ամուսինները վիճել են, եւ պատգամավորը քանիցս հարվածներ է հասցրել կնոջը, ինչից հետո նրա աղջիկը ոստիկանություն է կանչել: Ավելի ուշ պատգամավորը խոստովանել է, որ ձեռքերին ազատություն է տվել ալկոհոլի ազդեցությամբ:




























