Ժամանակն է, որ ամերիկյան կառավարությունը այլեւ թուրքական կառավարության պատանդը չլինի եւ ճշմարտությունն ընդունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը՝ մեկնաբանելով այսօր՝ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252 բնաձեւի քննարկման փաստը:
Չուլջյանը նշեց նաեւ, որ իրենք լավատես են, որովհետեւ «գիտեն, որ նախեւառաջ ճշմարտությունն է մեր կողմից»:
«Երկրորդ, ամերիկահայ գաղութը իր աշխատանքը տարել է կոնգրեսականների հետ, որպեսզի իրենց դաստիարակի, պարզաբանի ցեղասպանության պատմությունը, եւ դրա ընդունման պատմական անհրաժեշտությունը, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Ցեղասպանության փաստը»,- նկատեց ANCA-ի ներկայացուցիչը:
Դիտարկմանը, թե բանաձեւը, անգամ հանձնաժողովում հավանության արժանանալուց հետո, օրենք դառնալու համար պետք է անցնի այլ, ավելի բարձր ատյաններով, Եղիսաբեթ Չուլջյանը նկատեց, որ այդ դեպքում հերթը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիինն է: «Մենք հավատում ենք, որ մեծամասնություն ունենք Ներկայացուցիչների պալատում: Թուրքական կառավարությունը ծանր ճնշումներ է բանեցնելու, որ կանխի բանաձեւի ընդունումը: Մենք ուզում են, որ ամենաարագ ձեւով բանաձեւն ընդունվի, բայց վերջին խոսքը մնում է Նենսի Փելոսիին»,- ամփոփեց Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչը:



























