ԱՄՆ-ը չպետք է հանցակից դառնա իր բարեկամ Թուրքիաի կատարած հանցանքին։ Այդ մասին քիչ առաջ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը։

Կոնգրեսականը նշեց, որ կարդացել է անցած դարասկզբին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գիրքը՝ Հայոց ցեղասպանության մասին, եւ շատ վշտացել։ Սմիթը հայտնեց, որ Թուրքիայի կառավարության կողմից ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է վարվում, ինչը անընդունելի է։ Կոնգրեսականը կոչ է արել կողմ քվեարկել բանաձեւին, նկատելով, որ «Կոնգրեսն իր դժգոհությունը կհայտներ, եթե Գերմանիան փորձեր հերքել Հոլոքոսթը»։

«Մենք չպետք է անտարբեր մնանք հայ ժողովրդի ողբեգության նկատմամբ»,- նշեց Սմիթը։

Մեկ այլ կոնգրեսական՝ Գարի Աքքերմանը հավաքվածներին հայտնեց, որ դահլիճում երկու կին կա՝ 98 տարեկան, որոնք վերապրել են ցեղասպանությունը։ «Այս մարդիկ այլեւս չեն կարող սպասել, թե երբ Միացյալ Նահանգները կճանաչի ցեղասպանությունը։ Պատմությունը պետք է ճանաչվի»,- նշեց կոնգրեսականն ու հավելեց. «Իհարկե, լավ է, որ լավ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, բայց պատմությունը պիտի ճանաչվի։ Խնդիրը պետք է լուծվի եւ այսօր այդ օրն է»։