ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության քննարկումը բացեց հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, որը նաեւ թուրք-ամերիկյան բարեկամության հանձնախմբի անդամ է:
Նա իր խոսքում մասնավորապես ասաց. " Փորձագետների ճնշող մեծամասնությունը գիտնականնները, միջազգային հեղինակավոր փորձագետները, տարիներ շարունակ այս հարցն ուսումնասիրողները համակարծիք են, որ հայերի ողբերգական ջարդերը հավասարազոր են ցեղասպանության: Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը հալածվեց Թուրքիայից, հայերի ցեղասպանության թեման արծարծելու համար: Երկու տարի առաջ կոնգրեսականներին ուղղված նամակում ցեղասպանությունն ուսումնասիրող միջազգային ընկերակցությունը նշեց հետեւյալը. «պատմական գրառումներն ու արխիվները Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա են եւ հաստատվում են բազմաթիվ ու գերակշիռ ապացույցներով: Այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի պետական արխիվներով եւ որ ամենակարեւորն է, առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի արխիվներով»:
Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը արտոնագիր է տալիս մյուսներին այլ տեղերում այսօր գործել ցեղասպանություն, եւ որ Ցեղասպանությունը ուսումնասիրողները կոչ են անում Սենատին ընդունել այս բանաձեւը:
«Երուսաղեմի հետազոտողներից մեկը գրել է, որ հայերի Ցեղասպանությունն ամենանմանն է հրեաների Հոլոքոստին: 1985 թվականի զեկույցում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ենթահանձնաժողովը նշել է, որ հայերի ջարդը հավասարազոր է ցեղասպանության: Երկու տասնյակից ավելի պետություններ պաշտոնապես ճանաչել են ցեղասպանությունը, նաեւ Եվրոպական խորհրդարանն է այն ճանաչել։ Եւ ԱՄՆ-ը, որպես մարդու իրավունքների պաշտպանության մունետիկն աշխարհում, բարոյական պարտավորություն ունի նույնն անելու: Թուրքերն ասում են, որ դա կարող է ահավոր հետեւանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար եւ երեւի որոշ հետեւանքներ կլինեն, բայց ես կարծում եմ, որ ոչ պարտադիր ուժ ունեցող բանաձեւի ընդունումը չի կարող խաթարել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Ցանկացած պետություն պետք է կարողանա հաշտվել իր պատմության հետ: Սա բարդ գործընթաց կլինի Թուրքիայի համար, բայց դրանից Թուրքիայում ժողովրդավարությունը կամրապնդվի եւ թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի կբարելավվեն: Գործընկերներիս կոչ եմ անում քվեարկել բանաձեւի օգտին»,- ասաց Բերմանը:
Նրանից հետո կոնգրեսական Ռոս Լեյթնեն հանդես եկավ բանաձեւի դեմ՝ նշելով, որ դա տնտեսապես վնասում է ամերիկա-թուրքական կապերին:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը եւ Թուրքիայի խորհրդարանի անդամ Մուրադ Մերջանը, նաեւ Ցեղասպանությունը վերապրած 3 հայեր, որոնց նիստի բացմանը Հովարդ Բերմանը առաջինն է ներկայացրել դահլիճին:



























