Ստամբուլում եւ Անկարայում ցուցարարներին դաժանաբար ցրելու առթիվ քննադատությունը Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալի է վերածվել: Երկու երկրների դեսպաններն էլ հրավիրվել են տեղի ներկայացուցչություններ` բացատրության համար: Գերմանիայի հետ հարաբերությունների վատացումը սպառնում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների սառեցմանը, գրում է «Կոմերսանտը»:
Խմբագրությունը նշում է, որ սկանդալի պատճառ էր դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հարցազրույցը գերմանական RTL հեռուստաալիքին, երբ վերջինս հայտարարել էր, որ ոստիկանությունը «շատ դաժան է վարվել»՝ հավելելով, որ ցույցը ցրելու կադրերը «մտահոգել են» իրեն «եւ շատերին»:
Ի պատասխան Եվրոպական Միության հետ կապերի նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել էր. «Թուրքիայի հաշվին Գերմանիայում ընտրությունների նախաշեմին միավորներ հավաքելն ակնհայտ վատ գաղափար է»: Ըստ նրա` Գերմանիայի կանցլերը «փորձում է կրկնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի սխալները», որը քննադատում էր Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողն էր: Հայտնելով, որ տիկին Մերկելը «մոռացել է Ֆրանսիայի նախկին նախագահի ճակատագիրը», պարոն Բաղըշը «բարեկամական խորհուրդ» է տվել` «հիշել, թե սովորաբար ինչքան վատ է ավարտվում ամեն ինչ նրանց հետ, ովքեր դեմ են դուրս գալիս Թուրքիային»: Եվ նախազգուշացրել է. «Նույն կածիքին են նաեւ Գերմանիայում ապրող 3,5 միլիոն թուրքերը, որոնց մեծամասնությունն ընտրելու իրավունք ունի»:
Թուրք նախարարի ելույթը բուռն արձագանք է գտել ԳԴՀ-ում: «Ես զարմացած եւ ապշած եմ»,- լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Գ. Վեստերվելեն: Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլիօղլուն հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ, մի քանի ժամ անց նույնը ստիպված է եղել անել նաեւ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլը:
Ըստ փորձագետների` հարաբերությունների հետագա սրացումը կարող է ցավոտ հարված հասցնել Անկարայի եվրոպական նկրտումներին: Դեպքերի նման զարգացման հավանականության մասին հունիսի 21-ին, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնել են եվրոպական լրատվամիջոցները:
Գերմանիան արգելափակել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը




























