ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական անդամ Մայք Փենսը անկեղծորեն հավատում է, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է գործվել, սակայն դեմ է քվեարկելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին։

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ մարտի 4-ին կայացած քննարկմանը Փենսը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահը դեռ չի հասել։ «Ամեն ինչի պահը պետք է հասունանա։ Պնդում եմ, որ այժմ պահը չէ»,- հայտարարել է կոնգրեսականը՝ պատճառաբանելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է։ Ըստ Փենսի՝ Թուրքիան Աֆղանստանում ռազմական ներկայություն ունի եւ,"իմաստուն չի լինի կողմ քվեարկելը":

Իսկ Վիրջինիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ջերալդ Քոնոլին նկատել է, որ «Թուրքիան ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է»։

Կոնգրեսականը նշել է նաեւ, որ չի կարելի բանաձեւ ընդունել՝ գործող կառավարությանը դատապարտելով նախկինի կատարածի համար։ «Նույն հաջողությամբ կարելի է դատապարտել Մեծ Բրիտանիային՝ իռլանդացիներին կոտորելու, կամ Ռուսաստանին՝ ստալինյան տեղահանումների համար»,- նշել է ծագումով իռլանդացի կոնգրեսականը։

Նշենք, որ բանաձեւին դեմ հանդես եկող կոնգրեսականները բոլորովին կասկածի տակ չեն դնում Հայոց ցեղասպանության փաստը, այլ փորձում են տնտեսական եւ քաղաքական շահերով պատճառաբանել իրենց դիրքորոշումը։