«Օսմանյան կայսրությունում անզեն հայերին տեղահանել ու բնաջնջել են, որը հանցագործություն է ոչ թե հայերի, այլ ողջ մարդկության դեմ»,,- մարտի 4-ին ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետական կոնգրեսական Դանա Ռորաբախերը, հավելելով, որ ինքը չի կարող դեմ քվեարկել ճշմարտության դեմ եւ կոչ է անում բոլորին կողմ քվեարկել ներկայացված բանաձեւին: «Պետք է վերջնականապես լուծել խնդիրը եւ թողնել այն պատմության մեջ: Չլուծելը հետագա վեճերի առիթ է տալու, եկեք լուծենք ու վերջացնենք: Թուրքիան մեզ բարեկամ երկիր է, բայց մենք չենք կարող ճշմարտությունը չճանաչել եւ Թուրքիան դրանից չի կարող դժգոհել: Նույն կերպ Գերմանիան չէր կարող դժգոհել, եթե կողմ քվեարկեինք Հոլոքոստին»,- ասաց Ռորաբախերը՝ եւս մեկ անգամ կրկնելով, որ ինքը կողմ է քվեարկելու բանաձեւին:

Փոխարենը դեմոկրատ կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին, իր ելույթում թեեւ ընդգծեց, որ ընդունում է ցեղասպանության եղելությունը, սակայն հավելեց, որ հիմա ճիշտ ժամանակ չի ընտրված նման բանաձեւ ընդունելու համար: «Ցեղասպանություն եղել է եւ դա ճշմարտություն է, բայց ես համոզված եմ, որ ժամանակը ճիշտ չի ընտրված: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, կարգավորման գործընթաց է գնում այսօր եւ նշվում է, որ այս բանաձեւի ընդունումը կարող է շեղել այդ գործընթացը: Ստեղծվելու է պատմաբանների հանձնաժողով, որը քննարկելու է այս խնդիրները: Ինչու ենք մենք խառնվում երկու երկրների միջեւ հարաբերությունների ճշգրտմանը: Թող այս հարցը հետաձգվի, մինչեւ Հայաստանն ու Թուրքիան հաշտության հասնեն»,- կարծիք հայտնեց դեմոկրատ կոնգրեսականը:

«Այս բանաձեւի ընդունումը կվնասի նաեւ մեր զորքերի ներկայությանը Իրաքում եւ Աֆղանստանում: Ես ի՞նչ պատասխան տամ իմ ընտրողներին, ասելով, որ ձեր որդիները խնդիրներ ունեն, որի պատճառն այն է, թե ես կողմ եմ քվեարկել ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին: Այնպես, որ կրկնում եմ, որ ցեղասպանություն եղել է, բայց բանաձեւի ընդունման ժամանկը ճիշտ չի ընտրված»,- հավելեց նա:

Սրան անմիջապես արձագանքեց Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը՝ մի փոքր հեգնանքով նշելով, որ ինքը Կոնգրեսում է արդեն 27 տարի եւ չի հիշում մի պահ, որ հարմար եղած լինի նման բանաձեւի ընդունման համար: