ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւի քվեարկությունը սկսվելու է Վաշինգտոնի ժամանակով ժամը 14.15-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 23.15-ին)։ Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը քվեարկության ժամը հստակեցնելու համար անգամ ստիպված էր խորհրդակցել դահլիճում ներկա իրավաբանի հետ, քանի որ չէր հաջողվում միահամուռ համաձայնության գալ քվեարկության ժամի շուրջ։

Մինչ այդ, բանաձեւի ընդունման դեմ հանդես եկան դեմոկրատ Բիլլ Դելահանթը եւ հանրապետական Բոբ Ինգլիսը։

Դելահանթը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման դեպքում կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանը, իսկ դրանից կշահի առաջին հերթին Հայաստանը, որը հնարավորություն կունենա անդամակցելու Եվրամիությանը։

Իսկ բանաձեւին կողմ է արտահայտվել Լին Վուլին եւ Ջիմ Կոստան։ «Բանաձեւին դեմ արտահայտվողները նշում են, թե ժամանակը չէ։ Իսկ ե՞րբ է այդ ժամանակը»,- հարցրել է Կոստան։