Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունման փաստը:
«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը»,- նշել է Նալբանդյանը եւ հավելել. «Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է եւ կարեւոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւի քվեարկությունը, որի արդյունքում բանաձեւին կողմ են քվեարկել 23 հոգի, դեմ`22 հոգի:
Նշենք, որ քվեարկության ողջ ընթացքում դեմ ձայները գերակշռում էին, սակայն վերջին րոպեներին բացակա կոնգրեսմենները ներկայացան քվեարկության եւ կողմ քվեարկեցին:



























