ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկության հաղթանակը հաղթանակ էր ճշմարտության համար: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:

Վերջինս նշել է, որ պայքարը շատ դժվար էր: «Գիտեք, որ վերջին րոպեին նախագահ Օբամայի վարչակազմը կոչ ուղղեց հանձնաժողովի նախագահ Բերմանին, որ դադարեցնի բանաձեւի քննարկումը, բայց հանձնաժողովի նախագահը ոչ էր պատասխանել եւ դրել էր քվեարկության: Այս ժամերին ծանր ճնշումներ են եղել, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթանակեց»,- նշել է ANCA-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւի քվեարկությունը, որի արդյունքում բանաձեւին կողմ են քվեարկել 23 հոգի, դեմ`22 հոգի:

Նշենք, որ քվեարկության ողջ ընթացքում դեմ ձայները գերակշռում էին, սակայն վերջին րոպեներին բացակա կոնգրեսմենները ներկայացան քվեարկության եւ կողմ քվեարկեցին: