Հայաստանի ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում, այսօր՝ հունիսի 24-ին, Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել է հանդիպում ռուս անվանի մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Հայրապետ Գալստյանը, Հանրային խորհրդի անդամներ, բազմաթիվ բժիշկ-մանկաբույժներ:
Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով Լեոնիդ Ռոշալի հարուստ կենսագրությունը, բարձր է գնահատել նրա մասնագիտական գործունեությունը` նշելով, որ այն մեծ դեր է կատարել Ռուսաստանի առողջապահության ոլորտի զարգացման եւ բարելավման գործում: Նա կարեւորել է նաեւ Ռոշալի գործունեությունը նաեւ հայ ժողովրդի համար ծանր մի ժամանակաշրջանում` 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ:
Արա Բաբլոյանը ներկայացրել է Հայաստանում մանկաբուժության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները` նշելով, որ ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:
Ելույթի ժամանակ Լեոնիդ Ռոշալն ընդգծել է, որ չունենալով նավթ, ծով, բաց սահմաններ որոշ հարեւանների հետ` այնուամենայնիվ Հայաստանը կարողանում է առաջ գնալ եւ զարգանալ:
Անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրներին` Ռոշելն ասել է, որ ցանկացած պետություն պետք է հատուկ ուշադրություն դարձնի մանկաբուժությանը` ամուր հիմքերի վրա դնելով այդ ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը: Ի դեպ, նա սխալ է համարել Երեւանի պետական բժշկական համալսարանում մանկաբուժության ֆակուլտետի փակումը:
Ռոշելը խոսել է նաեւ Ռուսաստանում առողջապահության ոլորտի խնդիրների, պետական քաղաքականության եւ ոլորտի զարգացման ծրագրերից ու հեռանկարներից:
Ամփոփելով հանդիպումը` Հանրային խորհրդի նախագահը հայկական խաչքարի պատկերով նկար է հանձնել անվանի բժշկին, որն էլ սիրով ընդունել է հուշանվերը եւ նշել, որ շատ բարձր է գնահատում հայկական մշակույթը:




























