Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  համանախագահ Արմեն Գեւորգյանը՝ Իրաքի նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդի հետ հանդիպման ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է  դեսպանին նշանակման կապակցությամբ եւ  հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա առաքելությունն ստանձնում է մի փուլում, երբ երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է նկատվում: 

Ա. Գեւորգյանը նշել է, որ վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. ձեւավորվել է միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է 2012թ-ին,  Բաղդադում: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս աշնանը, Երեւանում: «Հանձնաժողովն իր գործունեությամբ ավելի համակարգված բնույթ կհաղորդի  երկկողմ  հարաբերություններին եւ կնպաստի առեւտրատնտեսական կապերի  ընդլայնմանը»,-նշել է Ա. Գեւորգյանը՝ հավելելով, որ գործարար շրջանակում արդեն կոնկրետ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ հետաքրքրություն է նկատվում: Նա հույս է հայտնել, որ երկուստեք ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հետաքրքրությունը վերածվի համագործակցության կոնկրետ ծրագրերի: 

Դեսպանն իր հերթին նշել է, որ Իրաքի իշխանությունները շահագրգռված են բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ չկա որեւէ խոչընդոտ` երկու երկրների միջեւ լավագույն հարաբերություններ հաստատելու համար: Իր նշանակումը եւ դեսպանատան վերաբացումը նա համարել է դրա վկայությունը:  Ըստ նրա` երկկողմ համագործակցության զարգացման համար լավ հող է նախապատրաստված: