Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու ընդլայնմանը: Մենք կարեւորում ենք բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական բնագավառում նոր կապերի հաստատումն ու փոխգործակցությունը»:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանն ընդգծել է երկու երկրների  միջկառավարական հանձնաժողովների միջեւ նոր օրակարգի ձեւավորման, ինչպես նաեւ տարբեր բիզնես ֆորումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը: Դեսպանը վարչապետին է ներկայացրել նաեւ ներդրումների ներգրավման ուղղությամբ առկա նախադրյալներն ու նախատեսվող ծրագրերը:  

Կողմերը հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցությունը, անդրադարձել մշակութային կապերի ավելի սերացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Էրիկաս Պետրիկասը Լիտվայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման եւ իրականացվող բարեփոխումների գործընթացներում:    

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու եւ լիտվացի խորհրդարանականներին՝ Արցախի հետ բարեկամություն խումբ ստեղծելու նախաձեռնության համար: