Յոգուրտը պետք է ուտել արծաթե գդալով, պարզել են հոգեբանները` իրականացնելով համապատասխան հետազոտություն, որին մասնակցել են 35 կամավորականներ:

Փորձի շրջանակներում գիտնականները կամավորներին բաժանել են տարբեր մետաղներից պատրաստված, տարբեր քաշի եւ գույնի գդալներ եւ առաջրկել դրանցով յոգուրտ համտեսել: Պարզվել է, որ արծաթե ծանր գդալից կերած յոգուրտն ավելի սերուցքային համ է ունեցել, քան պլաստիկե գդալ օգտագործելիս:

Բացի այդ, հաջողվել է պարզել, որ սպիտակ պլաստիկե գդալից կերած յոգուրտն ավելի համեղ եւ քաղցր է թվացել, քան սեւ գդալով համտեսելիս: Պարզվել է նաեւ, որ կապույտ գդալից կերած վարդագույն յոգուրտն այդքան էլ քաղցր չի թվում, գրում է «Lenta.ru»-ն:

Մասնագետների խոսքով` արծաթե գդալի էֆեկտը բացառապես հոգեբանական բնույթ է կրում: Մարդիկ նայում են սպասքի պարագաներին, գնահատում են դրանց արտաքին տեսքը եւ համարում են, որ որքան ավելի որակյալ եւ լավ տեսք ունեն գդալները կամ պատառաքաղները, այնքան դրանցով կերած կերակուրն ավելի համեղ է: