Արհուսի համալսարանում, հունիսի 25-ին, նշվել է համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը:  Հանդիսությունը բացել է համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորել է Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց  նրա գիտական ու կրթական գործունեությունը:

Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին է հանձնել Հայաստանի նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը` Մովսես Խորենացիի մեդալը` հայագիտության զարգացման  գործում նրա ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության  համար: 

Դեսպան Աղաջանյանը, իր ելույթում շնորհավորելով Հենինգ Լեհմանին, նշել է, որ «նրա հայագիտական հետազոտություններն անգնահատելի են եւ նոր էջ են բաց արել  Արեւմուտքի եւ Արեւելքի եկեղեցիների հայտնի ու անհայտ պատմական փոխազդեցությունների մեջ»:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգեւին արժանանալու կապակցությամբ`  Հենինգ Լեհմանը հանդես է եկել «Մի կաթիլ ջրի մեջ երեւացող աշխարհ» դասախոսությամբ եւ ներկայացրել Բարոկոյից մինչեւ Լուսավորչություն ընկած ժամանակահատվածում Արեւելյան եւ Արեւմտյան եկեղեցիների միջեւ հարաբերությունների պատմությունը: Նա նշել է, որ «Հայկական եկեղեցին բավական վաղ հասկացավ տպագիր գրքի` որպես գիտության եւ քարոզի միջոցի կարեւորությունը եւ նախաձեռնեց հայկական գրքի  տպագրությունը»:

Հենինգ Լեհմանը մատնանշել է 1565-ից մինչեւ 1745 թվականների այն հնատիպ 19 հայկական գրքերը, որոնք պահվում են Դանիայի թագավորական գրադարանում եւ ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսում:

Հանդիսությանը ներկա են եղել համալսարանի դասախոսական կազմը,  գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ: