«Պանացեա» ՍՊԸ-ն այս պահին  չի արտադրում «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» ապրանքները, քանի որ դեռեւս գործում է արգելանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադառնալով «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենի խոսքերին, թե փորձաքննության ժամանակ ապրանքների պիտանելիության ժամկետը անցել էր, ծառայությունից հայտնեցին, որ առաջին փորձաքննության ժամանակ երկու ապրանքները պիտանելիության ժամկետում էին, բայց պատասխանը բացասական էր: Իսկ կրկնակի փորձաքննության է ենթարկվել «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակը, որի պիտանելիության ժամկետը 10 օր է: Հետեւաբար, կրկնակի փորձաքննության ժամանակ նմուշը դեռեւս պիտանելիության ժամկետում էր:

Սննդի անվտանգության պետական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ հունիսի 24-ին եւ 25-ին «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից Ծառայությանը նամակներ են ուղարկվել, որոնցում նշված էր, որ Ծառայության կողմից տրված հանձնարարականը՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները, կատարված է: «Ծառայության աշխատակից տեսուչներն արդեն այցելել են ընկերություն, ծանոթացել հանձնարարականի կատարման արդյունքներին եւ փորձանմուշ ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այժմ սպասում ենք փորձաքննության արդյունքերին: Եթե դրանք եւ հանձնարարականի կատարումը բավարար գնահատվեն տեսուչների կողմից, եւ նրանք դրական եզրակացություն տան, Ծառայության պետը կծանոթանա գործի մանրամասներին եւ կարող է կայացնել արտադրական գործունեության կամ դրա առանձին գործառույթների արգելանքը վերացնելու մասին որոշում: Այդ որոշման առկայության դեպքում միայն ընկերությունը կարող է սկսել արտադրական գործունեությունը»,- հայտնեցին նրանք:

Նշենք, որ, որ  Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները: Նշված ընկերությունում Ծառայության կողմից ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա: Ընկերության տնօրեն Անի Թորոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե մայիսի 31-ին  իրենց արտադրանքից նմուշառում են արել, փորձաքննություն նշանակել, որի պատասխանը եղել է բացասական: Դրանից հետո անցել է 10 օր, կատարել են կրկնակի փորձաքննություն նույն նմուշի հիման վրա, մինչդեռ այդ նմուշի պահպանման ժամկետը երկու անգամ անցած է եղել: