ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է չզավթել այն օդանավերը, որոնցով կարող է Մոսկվայից մեկնել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

«Ես մտադիր չեմ գերձայնային կործանիչներ օգտագործել՝ 29-ամյա հաքերին բռնելու համար», - հայտնել է Օբաման: ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ հեռախոսով չի կապվել Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների հետ՝ Սնոուդենի հետ կապված իրավիճակը քննարկելու համար, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Սենեգալ այցի ժամանակ նա լրագրողներին ասել է, որ նման քննարկումների «կարիք չկա»: «Մենք չենք հարաբերություններ չենք պարզելու, գործարքներ չենք կնքելու կամ սակարկելու», - հավելել է նա, հաղորդում է «polit.ru»-ն:

ԱՄՆ-ի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանը եւ  այլ երկրները Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը քննարկելիս պետք է հիմնվեն միջազգային իրավունքի դրույթների վրա: Նա նշել է նաեւ, որ շարունակում է անհանգստանալ ԿՀՎ-ի նախկին աշխատակցի մոտ եղած փաստաթղթերի գաղտնի տեղեկությունների  նոր արտահոսքի հնարավորությունից: Ըստ Օբամայի՝ հենց այդ անհանգստության պատճառով ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Սնոուդենին կալանավորելը եւ ջանում է հասնել նրա արտահանձնմանը: