ԵԽ անդամ երկրները իրենց տարբերություններով հանդերձ միավորված են ընդհանուր արժեքներով, իսկ Եվրոպական դատարանն այդ արժեքների պաշտպանության հենասյունն է: Այս մասին, Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նրա խոսքով` Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն: Ազգային մակարդակով Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն անհրաժեշտ նախապայման է ԵԽ անդամ պետությունների բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք ամրագրված են Ինտերլակենի եւ Բրայթոնի հռչակագրերում: Այս առումով, կարեւոր քայլ համարվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության մշակումը, որը ստորագրության համար բացվել է հունիսի 24-ին, եւ որին Հայաստանը միացավ առաջինների թվում: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից եւ կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարեւոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,-նշել է ԱԺ նախագահը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը նշել է, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր է գնահատել հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրադատարանում եւ հույս հայտնել, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշել է, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի եւ ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:





























