Նելսոն Մանդելայի ավագ դուստրը լրագրողներին գիշակերներ է անվանել` նրանց մեղադրելով «խելագար հիսթերիա» առաջացնելու մեջ:

Իրավիճակը, որում հայտնվել է նրա ընտանիքը, Մակազեւի Մանդելան այսպես է բնորոշել. «Գիշակերները պտտվում են երկնքում, սպասելով մինչեւ առյուծը կուտի ցուլին, որպեսզի հարձակվեն մսի մնացորդների վրա»: Նրա խոսքով` հասարակության ու մամուլի հետաքրքրությունը հասկանալի է, սակայն այն, ինչ տեղի է ունենում, «անցնում է բոլոր սահմանները»:

Նելսոն Մանդելայի առողջական վիճակի վատացման մասին առաջին տեղեկություններից հետո ՀԱՀ են ժամանել բազմաթիվ լրագրողներ: Նրանք ճամբար են պատրաստել այն հիվանդանոցի բակում, որտեղ նա պառկած է, ինչպես նաեւ նրա մանկության գյուղի հարակից շրջաններում: Նախկին նախագահի դստեր կարծիքով` տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ երկրի օրնենքներն ու սովորությունները չեն հարգվում: Մակազեւին նշել է, որ իր հայրը անգամ այս վիճակում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի է արժանի, գրում է «Lenta.Ru-ն»:

Վերջին օրերս նախկին նախագահի առողջական վիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը ստացվում է միայն մեկ աղբյուրից`գործող նախագահ Ջեյկոբ Զումայի վարչակազմից: Անգամ դա չի կանգնեցնում մեծաքանակ լրագրողներին, ովքեր խմբվել են հիվանդանոցի եւ Յոհանեսբուրգի նրա տան մոտ՝ փորձելով որեւէ մանրամասն տեղեկություն ստանալ: