Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը եւ ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը հունիսի 26-ին այցելել են Ամուլսարի հանքավայր եւ շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք եւ Գնդեվազ: Գեոթիմ ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպանների այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին եւ Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:
Այցելության ընթացքում Գեոթիմի եւ Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական եւ սոցիալական թիմերը ներկայացրել են մանրամասներ՝ ծրագրի ներկա փուլի, ինչպես նաեւ Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի եւ Հայաստանում համապատասխան թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
Դեսպան Քեթրին Լիչը այցի ամփոփմանն ասել է. «Անցյալ շաբաթ Մեծ ութնյակի գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ընդգծեց, որ կարեւոր է, որ երկրները եւ ընկերությունները աշխատեն միասին՝ արդյունահանող ոլորտում համընդհանուր չափանիշների հաստատման ուղղությամբ: Որպես Բրիտանիայիում տեղակայված ընկերություն, Լիդիան ինթերնեյշնլը ներկայացնում է բրիտանական պոտնեցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում: Մեզ համար կարեւոր է, որ ծրագրին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որոնք պահանջում են հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր միջազգային չափանիշները: Սա ներառում է նաեւ շրջակա համայնքների տեղեկացվածության եւ համայնքների համար ծրագրից դրական տնտեսական եւ սոցիալական օգուտների ապահովում»:





























